ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին. ՆԳ նախարար
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 10-ին Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյունների հետ։
Այս մասին Petutyun.com-ին տեղեկացնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին՝ շեշտադրելով գործնական քայլերի կարևորությունը։
Հանձնակատար Բրյունները հայտնել է, որ հունիսի 24-ին Հայաստան կայցելի եվրոպական փորձագիտական պատվիրակությունը՝ քննարկելու համար ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախագծային տարբերակը։
Եվրոպական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերջնականացնել և հայկական կողմին ներկայացնել Գործողությունների ծրագիրը։
Նախարար Սարգսյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները և շեշտադրել է հայկական կողմի պատրաստակամությունը ներդնելու առավելագույն ջանքերը Գործողությունների ծրագրի արագ կենսագործման ուղղությամբ։
Հետագա քայլերը առավել սերտ համակարգելու և երկրում իրականացվող լայնածավալ փոփոխություններին ծանոթանալու նպատակով նախարար Սարգսյանը հանձնակատար Բրյուններին հրավիրել է հաջորդ տարի այցելելու Երևան։
