Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի. հանդիպում ՊԵԿ-ում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչներին։
Ինչպես հայտնել են ՊԵԿ-ից, հանդիպմանը կողմերը քննարկել են Մեղրի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը, որը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Պետական եկամուտների կոմիտեի, այլև Հայաստանի Հանրապետության համար:
ՊԵԿ-ի նախագահը նշել է, որ հայ-իրանական սահմանին օրեցօր աճող առևտրային հոսքերի պայմաններում Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը կնպաստի հայ-իրանական սահմանին մաքսային գործառնությունների դյուրացմանը, սահմանային անցակետի թողունակության պահանջների բավարարմանը, ինչպես նաև սահմանային անվտանգության ռիսկերի արդյունավետ կառավարմանը։
Ծրագիրը կնպաստի նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը՝ խթանելով տարանցիկ բեռնափոխադրումները։
Հանդիպման ընթացքում ՊԵԿ-ի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել ԵՄ և ՎԶԵԲ գործընկերներին՝ ցուցաբերված աննախադեպ աջակցության համար՝ հույս հայտնելով, որ չնայած առկա մարտահրավերներին՝ հաջորդ տարի հնարավոր կլինի ավարտել Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը և ունենալ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան ժամանակակից սահմանային անցակետ։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը շարունակել և զարգացնել առկա համագործակցությունը։
