Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքում էական առաջընթաց կա. Խուդաթյանն ընդունել է ԿԶԵՀ պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական Հիմնադրամի պատվիրակությանը, որը գլխավորում էր Ենթակառուցվածքների և սոցիալական ֆինանսավորման դեպարտամենտի տնօրեն Արմեն Պողոսյանը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցում Տրանշ 4-ի կառուցմանը։
Քաջարան-Ագարակ ճանապարհի Քաջարանի թունել տանող հատվածի շինարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսական միջոցների հաշվին։

Նախարարն ընդգծել է, որ Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքներում էական առաջընթաց կա, աշխատանքները մեծ տեմպերով առաջ են գնում։
Անդրադարձ է կատարվել նաև ջրային ոլորտի ծրագրերին։ Մասնավորապես Մաստարայի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրին։
Երկուստեք արձանագրվել է համատեղ իրականացվող ծրագրերում առկա մեծ առաջընթաց։

Նախարար Խուդաթյանը բարձր է գնահատել ԿԶԵՀ-ի կողմից տրամադրված տեխնիկական օգնությունը՝ Լոռու մարզում 2024 թվականին տեղի ունեցած ջրհեղեղից հետո կամուրջների տեխնիկական վիճակը գնահատելու հարցում։
