ՀՀ-ն ուրախ է, որ Ֆրանսիան և Հնդկաստանը ռազմավարական գործընկերներ են. գոհունակությունը պատճառներ ունի. Միրզոյան (տեսանյութ)
Հունիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը համատեղ մասնակցել են պանելային քննարկման՝ «Հաջորդ հատուկ հարաբերությունները՝ Հնդա-խաղաղօվկիանոսյանյան տարածաշրջանի և Եվրոպայի միջև ռազմավարական գործընկերության խորացումը» խորագրի ներքո:
Գիտեք, այնպես ստացվեց, որ այս քննարկմանը պատրաստվելիս ես Երևանում էի և լսեցի ՀՀ վարչապետի ելույթը, որի ընթացքում նա հանդես եկավ Սթիվ Ջոբսի ոճով. ձեռքին վահանակ էր և էկրանին ներկայացնում էր նյութը, և նրա ելույթն ամբողջությամբ վերաբերում էր փոխկապակցվածությանը: Եվ որոշակի առումով, նախարար Միրզոյանը խոսեց փոխկապակցվածության կարևորության մասին՝ դիվերսիֆիկացնելու և դիմակայունություն կառուցելու համար, այնպես չէ՞:
Այսպիսով, ինչպե՞ս է Հայաստանը, որն ունի ասիական աշխարհագրություն և եվրոպական ոգի, չգիտեմ՝ ինչպես է հնարավոր ավելի լավ նկարագրել, բայց գուցե սա լավ նկարագրություն է, ինչպե՞ս է Հայաստանը տեսնում այս նոր պահը, որտեղ կա փոխկապակցվածության, դիվերսիֆիկացման ծարավ և դեր երկրների համար:
Պատասխանելով հարցին, Արարատ Միրզոյանն ասել է.
«Առաջին բանը, որ ես կցանկանայի նշել, այն է, որ Հայաստանը շատ ուրախ է տեսնել, որ Ֆրանսիան և Հնդկաստանն արդեն դարձել են ռազմավարական գործընկերներ: Եվրոպան և Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը մեծ փոխադարձ հետաքրքրություն ունեն՝ խորացնելու իրենց կապերը: Այս գոհունակությունը, բնականաբար, հիմնված է կոնկրետ պատճառների վրա:
Առաջին ակնհայտ փաստը. մենք ռազմավարական հարաբերություններ ունենք Ֆրանսիայի հետ և խորացնում ենք մեր կապերը Եվրոպական միության հետ, ինչպես նաև ռազմավարական հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ: Մենք, կրկին, զգալիորեն խորացնում ենք այդ կապերը: Երկրորդ ակնհայտ պատճառը. երբ նայեք քարտեզին, կտեսնեք Եվրոպան, Հնդկաստանը և նրանց միջև ընկած որոշ երկրներ: Հայաստանը գտնվում է այդ միջակայքում:
Եթե ցանկանում եք կապ հաստատել Ֆրանսիայի և Հնդկաստանի միջև, և իմ հարգանքներս նախորդ խոսնակին և ընկերության ներկայացուցչին, ուղիներից մեկը ծովն է: Ցավոք, դա միշտ չէ, որ արագ է, իսկ վերջին ժամանակներում, հավանաբար, նաև միշտ չէ, որ անվտանգ է: Բացի այդ, կան ցամաքային ուղիներ:
Այստեղ Հայաստանը կարևոր դիրք ունի. Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում, որը Եվրոպայի և Հնդկաստանի միջև է: Մենք խթանում ենք փոխկապակցվածության ծրագրեր և հսկայական գումարներ ենք ներդնում մեր ենթակառուցվածքներում:
Հայաստանն ունի չորս հարևան. Վրաստանը՝ հյուսիսում, Իրանը՝ հարավում, Ադրբեջանն՝ արևելքում և Թուրքիան՝ արևմուտքում: Մենք գերազանց հարաբերություններ ունենք չորսից երկու երկրների՝ Վրաստանի և Իրանի հետ, և մենք ջանում ենք կարգավորել մեր հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ այն ըմբռնումով, որ պատրաստվում ենք բացել սահմանները, հաստատել երկաթուղային կապ և նույնիսկ այս ծրագրի ենթակառուցվածքային մասին տվել ենք շատ կոնկրետ անվանում՝ «Խաղաղության խաչմերուկ»: Այսպիսով, մենք ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր, որպեսզի օգուտ քաղեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը և Իրանը, այլև ավելի լայն տարածաշրջանը:
Եթե ցանկանում եք կապ հաստատել Հնդկաստանի և Ֆրանսիայի միջև, պետք է ասեմ, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ գտնվում է այդ միջակայքում: Այնտեղ կա տարածք և միջավայր, որտեղ կարող եք հանգստանալ, վերալիցքավորվել և այնուհետև շարունակել ճանապարհը»:
