Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Իրանի դեմ. սպանվել է ԻՀՊԿ հրամանատարը
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը սկսել է հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ:
«Մենք հարվածել ենք Իրանի միջուկային ծրագրի ուղիղ սրտին: Մենք թիրախ ենք դարձրել Նաթանզում ուրանի հարստացման հիմնական օբյեկտը: Մենք հարվածել ենք նաև Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի սրտին»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձում՝ հավելելով, որ զինվորականները հարվածներ են հասցրել նաև իրանցի միջուկային գիտնականներին:
Նեթանյահուի խոսքով՝ օպերացիան «կշարունակվի այնքան օր, որքան կպահանջվի Իրանից սպառնալիքը վերացնելու համար»։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին սպանվել է իսրայելական հարձակման հետևանքով, հաղորդում են իրանական Tasnim լրատվական գործակալությունը և այլ տեղական լրատվամիջոցներ:
Նա մի քանի իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների թվում է, որոնք սպանվել են գիշերվա հարձակումների ժամանակ:
Ինչպես հայտնում են պետական լրատվամիջոցները, սպանվել է նաև միջուկային գիտնական, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբասին: Կան տեղեկություններ էլի բարձրաստիճան զինվորականի՝ Իրանի Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի մահվան մասին, սակայն այս տեղեկատվությունը հաստատված չէ:
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ երկրի մայրաքաղաք Թհրանում հարվածների հետևանբով տուժել են բնակելի շենքեր, կան նաև զոհեր՝ ոչ միայն պաշտոնյաների շրջանում։
Նրանք հաստատել են, որ Իսրայելը հարձակվել է երկրի միջուկային օբյեկտների վրա,Մոհամմադ Բաղերիի մահվան մասին տեղեկությունը չի հաստատվել, գրում է IRNA գործակալությունը։
