Իսրայելի ռեժիմն այս հանցագործությամբ իր համար պատրաստեց դառը և ցավալի ճակատագիր. Իրանի գերագույն առաջնորդ

Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելին զգուշացրել է Իրանի տարածքին հարվածներից հետո «դառը և ցավալի» հետևանքների մասին։

Իրանի զինված ուժերը նախկինում քանիցս  խոստացել էին «վճռական պատասխան» Իսրայելի հարձակմանը։

Խամենեին հայտարարել է, որ կատարյալ ազատություն է տալիս զինվորականներին:

«Իրանի վսե՛մ ժողովուրդ,

Սիոնիստական ռեժիմն այսօր առավոտյան իր կեղտոտ և արյունոտ ձեռքը երկարացրել է մեր սիրելի երկրի դեմ նոր հանցագործությամբ՝ ավելի քան երբևէ բացահայտելով իր չար էությունը և թիրախ դարձնելով բնակելի կենտրոններ։

Ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի։

ԻԻՀ Զինված ուժերի հզոր ձեռքը, Աստծո կամքով, նրան հանգիստ չի տալու։

Թշնամու հարձակումների հետևանքով մի շարք հրամանատարներ և գիտնականներ նահատակվել են։ Նրանց փոխարինողներն ու գործընկերները, անհապաղ անցել են իրենց պարտականությունների կատարմանը։

Սիոնիստական ռեժիմը այս հանցագործությամբ իր համար պատրաստեց դառը և ցավալի ճակատագիր, որը հաստատ կստանա»,- հայտարարել է Խամենեին իր ուղերձում:

Նշենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել Է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մասին և ռազմական գործողություն սկսել։

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Թեհրանի արևելքում գտնվող Նարմակ թաղամասում Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 5 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 20-ը։

Վաղ առավոտյան Թեհրանում պայթյունների նոր շարք է լսվել, հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը և հավելում, որ գործարկվել է հակաօդային պաշտպանության համակարգը։

You may also like...