Բանակում գումարով քիչ ծառայելու վիճահարույց օրինագիծը ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն չի ստացել
Բանակում գումարով քիչ ծառայելու վիճահարույց օրինագիծը Պաշտպանության հանձնաժողովում 4 ժամ քննարկումից հետո դրական եզրակացություն չստացավ:
Օրինագծով ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է 18-32 տարեկան քաղաքացիներին ծառայել 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, 4 ամիս ծառայության դեպքում՝ 18 միլիոն դրամ:
Քննարկմանը Պաշտպանության նախարարությունից մասնակցել է փոխնախարար Արման Սարգսյանը:
Մայիսի 22-ին՝ Կառավարության նիստի ընթացքում, Սուրեն Պապիկյանը ներկայացրել էր պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած զինվորական ծառայության մասին նախագիծը, Կառավարությունը առաջարկել էր կատարել փոփոխություններ՝
- Պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ։
- Պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ։
- Մինչև 16 տարին լրանալը (զինվորական հաշվառման տարիք)՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրք սահմանել 15 միլիոն դրամ։
Հիշեցնենք՝ որոշման նախագծի նախնական տարբերակի համաձայն՝ առաջարկվում էր սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, 6 ամսով ծառայություն անցնելու դեպքում 15 մլն դրամ պետբյուջե վճարելու պայմանով:
Բացի այդ՝ նշվում է պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը:
