Ֆրանսիան բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում՝ վերահաստատելով ինքնապաշտպանության Իսրայելի իրավունքը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, անդրադառնալով Իրանի դեմ Իսրայելի հարվածներին, կոչ է արել բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և թուլացնել լարվածությունը՝ ամբողջ տարածաշրջանի կայունությունը չվտանգելու համար։

«Ֆրանսիան բազմիցս դատապարտել է Իրանի շարունակական միջուկային ծրագիրը և դրան ի պատասխան՝ ձեռնարկել է բոլոր համապատասխան դիվանագիտական միջոցները։ Այս համատեքստում Ֆրանսիան վերահաստատում է Իսրայելի իրավունքը՝ պաշտպանվելու և ապահովելու իր անվտանգությունը։
Ամբողջ տարածաշրջանի կայունությունը չվտանգելու համար ես կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և թուլացնել լարվածությունը»,- գրել է Ֆրանսիայի նախագահը սոցցանցի իր էջում։

Մակրոնը նշել է, որ գիշերն Իրանի վրա Իսրայելի հարվածներից հետո հունիսի 13-ի առավոտյան Ազգային պաշտպանության և Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Նա հայտարարել է, որ Ֆրանսիան ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տարածաշրջանում իր քաղաքացիներին, դիվանագիտական առաքելությունները և ռազմական բազաները պաշտպանելու համար։

«Տարածաշրջանում բոլորի համար խաղաղությունն ու անվտանգությունը պետք է մնան մեր ուղղորդող սկզբունքը»,- ասել է Մակրոնը՝ նշելով, որ վերջին զարգացումների մասին խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։

Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարձակվել են Թեհրանի մոտակայքում գտնվող առնվազն վեց ռազմական բազաների վրա։

You may also like...