1996 թվականին նախագահական ընտրություններն արդար չեն եղել, և ես դա իմացել եմ միշտ․ Ռուբինյան (տեսանյութ)
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հարցին, թե իր հայրը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ԱԺ նախագահ է եղել, արդյոք չի ստացվո՞ւմ, որ ընտրակեղծարարության մաս է կազմել:
«1996 թվականին նախագահական ընտրություններն արդար չեն եղել, և ես դա իմացել եմ միշտ, եթե հետ գնանք ու նայեք իմ հայտարարությունները մինչև 18-ի հեղափոխությունը, կտեսնեք դա:
Ինչ վերաբերում է հորս, եթե դուք վերհանեք՝ նրա մի հոդված՝ 2011 կամ 12 թվականին գրված, կտեսնեք, որ նա իր վերաբերմունքն արտահայտել է 1996 թվականի ընտրությունների մասին:
Այդ հոդվածի անվանումը «Մեղավորը մենք ենք», խնդրում եմ գտեք ու կարդացեք»,- նկատել է նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք իր հայրը Լևոն Տեր-Պետրոսյանին է աջակցել, ինչպե՞ս է ընտրակեղծարարի կողքին կանգնել, Ռուբինյանը պատասխանել է․
«Ես էլ եմ աջակցել Լևոն Տեր-Պետրոսյանին 2008-ին, հայրս էլ է աջակցել, Նիկոլ Փաշինյանն էլ է աջակցել, որովհետև համարել ենք, որ ավազակապետական կամ ինչպես կասեր Լևոն Տեր-Պետրոսյանը՝ մոնղոլ-թաթարական ռեժիմից պետք է ազատվել»:
