Մեկ տարվա ընթացքում նշանակալի աշխատանքներ են արվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ուղղությամբ. Ղուշչյան
Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության զարգացումը նաև տեղական մակարդակում հնարավորություն կտա ստեղծելու տարածաշրջանային համագործակցության այնպիսի նախադրյալներ, որոնք կնպաստեն Հարավային Կովկասի համալիր զարգացմանն ու խաղաղության ապահովմանը։
Նրա տեղեկացմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում նշանակալի աշխատանքներ են կատարվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ, որն այսօր հանդիսանում է տարածաշրջանային զարգացման կարևոր երաշխիք։
«Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին տեղական մակարդակում, ապա դրանց զարգացումը մենք տեսնում ենք նաև հարևան համայնքների ու վարչական միավորների փոխգործակցության ակտիվությամբ, որը կարող է դրսևորվել մշակութային, մարզական ու տնտեսական միջոցառումների միջոցով։ Մենք ունենք փոխըմբռնման հուշագրեր Դիլիջանի և Գուրջաանի, Դիլիջանի և Ծղալտուբոյի, ինչպես նաև Իջևանի և Ռուսթավիի միջև։
Տնտեսական միջոցառումների շարքից կցանկանամ առանձնացնել ցուցահանդեսների ու փառատոների կազմակերպումը, որոնք էական խթան են հատկապես սահմանամերձ հատվածում գտնվող գործարար հատվածի ներկայացուցիչների շփվելու, համատեղ նախագծեր մշակելու, սպառման շուկաներն ընդլայնելու և նոր արտադրանք մշակելու տեսանկյունից։
Տավուշի մարզում արդեն երկու տարի է՝ իրականացնում ենք «Միմինո» հայ-վրացական խոհարարական փառատոնը»,- ասել է Ղուշչյանը։
Մարզպետի տեղակալը տնտեսական հարաբերությունների համատեքստում հավելել է, որ զբոսաշրջությունը և դրա շրջանակում գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը այն հիմնական ուղղություններն են, որոնք ունեն զարգացման մեծ ներուժ։ Չնայած դրանք արդեն իսկ հանդիսանում են հայ-վրացական տնտեսական համագործակցության կարևոր ուղղություններ, սակայն հաշվի առնելով տարածաշրջանային զարգացման հեռանկարներն ու նոր միտումները՝ հնարավոր է հասնել փոխշահավետ համագործակցության նոր մակարդակի համատեղ գործողությունների միջոցով։
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ինչպես զբոսաշրջության, այնպես էլ գինեգործության ոլորտում Հայաստանը և Վրաստանը հանդես են գալիս որպես տարածաշրջանային առաջատար երկրներ, անհրաժեշտ է առողջ մրցակցությունից բացի՝ հնարավորություն ստեղծել նաև կլաստերային համագործակցության համար, որի նախադրյալներն առկա են 2023թ.-ին երկու երկրների ղեկավարների միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի ընդունման, ինչպես նաև հաղորդակցության պարզեցված ընթացակարգերի ներդրման համատեքստում։
Կարևոր է այն հանգամանքը, որ բավականին պարզեցվել է հայ-վրացական սահմանի հատումը ֆիզիկական անձանց համար, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում տնային տնտեսությունների և սահմանակից բնակավայրերի փոքր բիզնեսի միջսահմանային շարժի տեսանկյունից։ Դա կարող է նպաստել գործարար փոխայցելությունների ակտիվացմանը և դրա շրջանակում մայրաքաղաքներից հեռու տարածաշրջանների զարգացմանը»,- մանրամասնել է Ղուշչյանը։
Նրա դիտարկմամբ՝ տնտեսական համագործակցության կարևոր ուղղություններից կարող է հանդիսանալ բեռնափոխադրումների ոլորտում ծառայությունների մատուցումը՝ հաշվի առնելով Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան կառուցվող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին և Վրաստանի ճանապարհային ենթակառուցվածքները։
