Եկեղեցուն քննադատելը մի բան է, եկեղեցուն աhաբեկելու և քանդելու փորձերը՝ ամբողջովին այլ բան, և սա կարմիր գծերի հատում է. Արա Այվազյան
Եկեղեցին այս տարիների ընթացքում դիվանագիտական երկխոսություն է ծավալել տարբեր երկրների հետ՝ Ռուսաստանից մինչև Միացյալ Նահանգներ, Եվրոպայից մինչև Լատինական Ամերիկա, Մերձավոր և Հեռավոր Արևելքները։
Այս մասին «Հայ Առաքելական եկեղեցի, պետականաշինություն և արտաքին քաղաքականություն» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր-անդամ, նախկին ԱԳ նախարար Արա Այվազյանը:
Նրա խոսքով՝ հիմա մեր հայրենիքում՝ ազատ և անկախ Հայաստանում, ականատես ենք լինում եկեղեցու ազդեցության և հեղինակության վրա հարձակումների։ «Պետք է հարց տանք մեզ՝ ի՞նչ տեսակի ազգ է, որ դուրս է գալիս իր հոգևոր հոր դեմ։ Սա՞ է այն միասնությունը, որի համար մենք պայքարել ենք։
Պետք է հստակ լինել՝ Եկեղեցուն քննադատելը մեկ բան է, եկեղեցուն ահաբեկելու և քանդելու փորձերը՝ ամբողջովին այլ բան, և սա կարմիր գծերի հատում է։ Պետությունը որևէ իրավունք չունի սպառնալու եկեղեցուն, ինչպես եկեղեցին չի ձգտում կառավարել պետությունը, բայց եկեղեցին ունի իրավունք և պատասխանատվություն այս մութ խավար ժամանակներում խոսել ճշմարտության մասին»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ Հայաստանն իսկապես ապրում է խորը ճգնաժամի մեջ և գոյաբանական ճգնաժամի մեջ։ «Պառակտումը երբեք լավ արդյունքներ չի բերում, հատկապես հիմա, պառակտման ժամանակը չէ։ Ժողովուրդներն այս պայմաններում միշտ համախմբվում են կայուն ինստիտուտների շուրջ, ոչ թե քանդում են այդ ինստիտուտները։
Հայաստանյայց Առաքելական եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ, այն անցյալի գործիք չէ, այն մեր ազգային, հոգևոր և մշակութային շարունակականության կենդանի ուժն է։ Թուլացնել եկեղեցին, նշանակում է թուլացնել պետությունը»,- ասաց նա։
