Սամվել Կարապետյանը գիտակցված թե չգիտակցված, այս շղթայի մաս է. Ալեն Սիմոնյան
Կան տարբերակներ որ Սամվել Կարապետյանին դրսից են ասել, որ մտնի այս պրոցեսի մեջ, կա տարբերակ որ ներսում է ինքը էդ որոշումը ինչ-որ ճնշումների հետևանքում կայացրել:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասանելով հարցին՝ կապ ունի՞ Կարապետյանը տեղի ունեցող իրադարձությունների հետ, թե՝ ոչ:
«Ինքը պետք է գիտակցի, որ Հայաստանի Հանրապետությունը պետություն է, և եթե ինքը չի կարող իրեն թույլ տալ, օրինակ Ռուսաստանի Դաշնությունում ասել խմբակ, որը զավթել է կամ որևիցե բան, 5 վայրկյանում օդում կունեզրկեին, կդատեին:
Իսկ ստեղ կոչ անելու պարագայում, երբ մեջը քրեական տարրեր են պարունակել, պետք է պետությունը չարձագանքե՞ր: Ինքը միանշանակ գիտակցված թե չգիտակցված, էս շղթայի մաս է, հույս ունեմ որ չգիտակցված:
Հոկտեմբերի 27 տեսած երկրում ասել մենք մեր ձևերով կլուծենք, այս ամեն ինչը շղթա չի հա՞»,- ասաց Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ:
Հունիսի 18-ին Հայաստանի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանին:
Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու համար:
Գործարարը չի ընդունում մեղքը:
Երևանի դատարանը նրան երկու ամսով կալանավորել է:
