Որոշ արկածախնդիրներ փորձել են հասարակությանը մոլորեցնել՝ վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելով․ Նազելի Բաղդասարյան
Որոշ արկածախնդիրներ փորձել են հասարակությանը մոլորեցնել՝ վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելով։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Նման շինծու մեթոդներով հասարակությանը շեղելու և ապատեղեկատվություն տարածելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի արդյունքում խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ իր մտահոգությունն արտահայտելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և իր համախոհների նկատմամբ այսօր իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների և նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ։
Խորհուրդը դատապարտել է այս գործընթացը Եկեղեցու հետ կապակցելու փորձերը, հորդորել պատկան մարմիններին «չտրվել քաղաքական շահարկումներին», առաջնորդվել ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներով՝ հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը։
Հիշեցնենք՝ քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
