Հայտնաբերվել են էլեկտրասնուցման և համացանցի ապահովման լարերը վնասող հրավտանգ առարկաներ. կա 15 կալանավորված
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ. 15 անձ կալանավորվել է:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակում շարունակված խուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված, գործողությունները հաստատող իրեր, այդ թվում՝ փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ:
Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացված բոլոր միջնորդությունները բավարարվել են. 15 մեղադրյալներ կալանավորված են»,- ասվում է հաղորդագրության մեջ:





