Բաքվի ոչ բարեկամական քայլերի համար ՌԴ ԱԳՆ կանչված Ադրբեջանի դեսպանը լքել է շենքը մեկ ժամ անց միայն
Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը լքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության շենքը, որտեղ նրան կանչել էին «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական ձերբակալման» կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ադրբեջանի դիվանագիտական առաքելության ղեկավարը նախարարության շենքում մնացել է մոտ մեկ ժամ։
Երեկ՝ հունիսի 30-ին, Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել էր Բաքվի «Սպուտնիկ Ադրբեջան» գրասենյակում «գործողության» մասին: Մոսկվայի «Սպուտնիկ» գործակալությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ խմբագրության հետ կապը կորել է: Շենքի դիմաց կայանված են եղել Ադրբեջանի ՆԳՆ պարեկային մեքենաներ և սև միկրոավտոբուսներ՝ մգացված ապակիներով:
Ավելի ուշ «Սպուտնիկ» գործակալությունը հայտնել է, որ Բաքվի անվտանգության ուժերը անհեթեթ մեղադրանքներով ձերբակալել են երկու ռուս լրագրողի՝ «Սպուտնիկ Ազերբայջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին։
Ինչպես ճշտել է գործակալությունը, տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ աշխատակիցներին անհեթեթ մեղադրանքներ են առաջադրվել, թե իբր նրանք «ԱԴԾ գործակալներ» են։
Փետրվարին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արդեն հայտարարել էր հանրապետությունում «Սպուտնիկ» գործակալության աշխատանքը դադարեցնելու մտադրության մասին։
«Սպուտնիկ»-ի խմբագրական խորհուրդը հայտնել էր, որ Ադրբեջանում աշխատանքի վերաբերյալ պաշտոնական արգելքներ չեն ստացվել, և որ այս ամբողջ ընթացքում երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների աշխատանքային խմբերի միջև կառուցողական երկխոսություն է ընթացել հնարավոր անհամաձայնությունների լուծման թեմայով։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ապօրինի ձերբակալությունները կապված են վերջին օրերին ՌԴ-ի հետ հարաբերությունների նոր լարվածության և սկանդալի ալիքի հետ:
Ադրբեջանի մշակույթի նախարարությունը նաև որոշում է կայացրել Ռուսաստանի հետ պետական և մասնավոր խողովակներով համաձայնեցված բոլոր միջոցառումները չեղարկելու մասին:
Բացի այդ՝ ադրբեջանական կողմը սեփական նախաձեռնությամբ չեղարկել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ այս օրերին դեպի Բաքու նախատեսված այցն ու հայտարարել՝ Օվերչուկի կամ մյուս ցանկացած ռուս պաշտոնյայի մուտքն Ադրբեջան համարում են ոչ անհրաժեշտ և ոչ նպատակահարմար: Բաքուն նաև տեղի արտգործնախարարություն է հրավիրել Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատարին, բողոք ներկայացրել։
