Եկատերինբուրգում ուժայինների «ռեյդ»-ի ժամանակ մահացած եղբայրների մարմինները Բաքու են տեղափոխվել. ինչ է հայտնի

Եկատերինբուրգում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ուժայինների կողմից իրականացված ռեյդի ժամանակ մահացած ադրբեջանցի եղբայրների՝ Հուսեյն և Զիյադդին Սաֆարովների մարմինները հունիսի 30-ին տեղափոխել են Բաքու, հանձնել  Դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի հանրապետական ասոցիացիա։

Ադրբեջանի առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության ղեկավարը հուլիսի 1-ին հայտարարել է, որ Եկատերինբուրգում մահացած կասկածյալների մարմինների զննման ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ:

Նշենք՝ Ադրբեջանը հայտարարել է, թե եղբայրները դաժանորեն սպանվել են: Ռուսական պաշտոնական վարկածի համաձայն՝ ռեյդի ժամանակ եղբայրներից մեկի մոտ սրտի կանգ է տեղի ունեցել, մյուսի մահվան հանգամանքների մասին տեղեկություններ չեն փոխանցվել:

Սաֆարովներին այսօր հուղարկավորել են, տեղի ունեցածն էլ որակել իբրև ողբերգություն:

Նշենք՝ այս ամենն Ադրբեջանը դիտարկել է որպես ՌԴ-ի կողմից ոչ բարեկամական քայլ, սկսել երկրի ներսում ռուսների ապօրինի ձերբակալություններ:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ապօրինի ձերբակալությունները կապված են վերջին օրերին ՌԴ-ի հետ հարաբերությունների նոր լարվածության և սկանդալի ալիքի հետ:

Ադրբեջանի մշակույթի նախարարությունը նաև որոշում է կայացրել Ռուսաստանի հետ պետական և մասնավոր խողովակներով համաձայնեցված բոլոր միջոցառումները չեղարկելու մասին:

Բացի այդ՝ ադրբեջանական կողմը սեփական նախաձեռնությամբ չեղարկել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ այս օրերին դեպի Բաքու նախատեսված այցն ու հայտարարել՝ Օվերչուկի կամ մյուս ցանկացած ռուս պաշտոնյայի մուտքն Ադրբեջան համարում են ոչ անհրաժեշտ և ոչ նպատակահարմար: Բաքուն նաև տեղի արտգործնախարարություն է հրավիրել Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատարին, բողոք ներկայացրել։

Մանրամասները՝ սկզբաղբյուրում։

You may also like...