Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու վերաբերյալ նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 65կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու վերաբերյալ նախագիծը։
Ժամեր անց պետք է տեղի ունենա նախագծի երկրորդ ընթերցումը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Այն պետք է քննարկվել Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի էջում հիշեցրել էր նաև իր հանձնարարականը ՀԷՑ-ի նկատմամբ հատուցման մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ:
Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն էլ անդրադարձել էր բարձրաձայնված հայտարարությանը, թե երբ է ծագել ՀԷՑ-ը պետականացնելու անհրաժեշտությունը:
Խուդաթյանի խոսքով՝ վստահաբար, այն չի ծագել քաղաքական հայտարարությունից հետո, այլ դրանից առաջ։
Նախարարի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի կողմից գրավոր հանձնարարական է տրվել ՏԿԵ նախարարությանը և իրեն, և տպավորությունն այնպիսին է, որ քաղաքական հայտարարությունն է հաջորդել դրան, այսինքն՝ երբ ՀՀ կառավարությունը նպատակադրվել է որակական փոփոխություն ապահովելու համար միջամտել ՀԷՑ-ում կառավարման այդ համակարգին:
