Կրեմլում, իհարկե, տեսել են Ադրբեջանում ռուսների ձերբակալման կադրերը և նկատել բոլոր մանրամասները. Պեսկով

«Կրեմլում, իհարկե, տեսել են Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման կադրերը և ուշադրություն դարձրել բոլոր մանրամասներին»:

Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես, մենք տեսել ենք բոլոր տեսանյութերը և ուշադրություն ենք դարձրել բոլոր մանրամասներին»,- ասել է նա:

Հուլիսի 1-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են Բաքվում ութ Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման մասին, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, կապված են Իրանից թմրանյութերի տարանցման և կիբեռհանցագործությունների հետ:

Նրանք կալանավորվել են չորս ամսով։ Հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ հիշյալ անձանց ոչ միայն ձերբակալել են, այլև մինչ դատարան հասցնելը դաժան ծեծի ենթարկել:

Հրապարակումները հայտնվել են հունիսի 30-ին անհիմն ձերբակալված «Սպուտնիկ» գործակալության ռուս և ադրբեջանցի լրագրողների նկատմամբ Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից անբարյացակամ գործողությունների ֆոնին։

Ինչպես նշում է գործակալությունը, աշխատակիցներին ներկայացվել են անհեթեթ մեղադրանքներ, թե նրանք, ինչպես պնդում են տեղական լրատվամիջոցները, իբր «ԱԴԾ գործակալներ» են։

Ձերբակալված 8 ՌԴ քաղաքացիները, ինչպես պնդում են ռուսական ԶԼՄ-ները, իրականում ծրագրավորողներ և Բաքվում գտնվող զբոսաշրջիկներ են և թմրանյութերի վաճառքի հետ կապ չունեն:

«Սպուտնիկ Ազերբայջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենյա Բելոուսովան ևս կալանավորվել  են չորս ամսով։

«Ռոսիա սեգոդնյա» մեդիա խումբը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել իրենց աշխատակիցներին և անհապաղ կարգավորել անընդունելի իրավիճակը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև հեռակա «բախումները» կապված են վերջին օրերին ՌԴ-ի հետ հարաբերությունների նոր լարվածության և սկանդալի ալիքի հետ:

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Ռուսաստանի անվտանգության Դաշնային ծառայության աշխատակիցները խուզարկել են Եկատերինբուրգում գտնվող ազգությամբ ադրբեջանցիների տները։ Հայտնի է, որ գործողության արդյունքում մահացել են ադրբեջանցի եղբայրներ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովները։ Եվս մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է։ 

Բոլոր անձինք այս կամ այն կերպ կապ ունեն 2001-ին տեղի ունեցած սպանության գործի հետ:

You may also like...