Քննարկումները շարունակվում են բոլոր գործընկերների հետ. ԱԳՆ-ն՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է հրապարակել Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ ԱՄՆ-ից եղած առաջարկների մասին՝ միաժամանակ լրատվամիջոցներին հորդորելով չանել հրապարակումներ՝ առանց սպասելու պատշաճ պատասխանի:

««ԱԳՆ-ն լուռ է»,- նշվում է «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութի վերտառության մեջ, այն պարագայում, երբ ռադիոկայանը հրապարակումը կատարել է ԱԳՆ-ին իր հարցերն ուղղելուց մի քանի ժամ անց՝ չսպասելով ԱԳՆ պատասխանին:

Ավելին՝ տեսանյութում ռադիոկայանն ավելի «հեռուն է գնում». «Հայաստանի արտգործնախարարությունը երկու օր անց չի արձագանքել Քարնեգի հիմնադրամի հրապարակմանը…»՝ հանրության մոտ արհեստականորեն ստեղծելով ԱԳՆ արձագանքի բացակայության և, ըստ էության, լուռ համաձայնության կեղծ տպավորություն այն պարագայում, երբ նման ոչ պաշտոնական, վերլուծական հրապարակումներին պատասխան անպայմանորեն չի ենթադրվում:

Այս՝ նմանատիպ հերթական հրապարակման առիթով ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ նման գործելաոճից: Միաժամանակ ստորև ներկայացնում ենք ԱԳՆ պատասխանը, որը տվյալ լրատվամիջոցին ներկայացվեց հարցումները ստանալուց 24 ժամվա ընթացքում:

ԱԳՆ պատասխանը «Ազատության» ռադիոկայանի հարցերին. «Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն: Ինչպես հայտնի է, ՀՀ-ն առաջարկել է տարածաշրջանային փոխկապակցվածության իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկը», որն արդեն իսկ դրական արձագանքների է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից:
Ավելին՝ Հայաստանն առաջարկել է այդ նախաձեռնությանը համահունչ մի շարք լուծումներ, որոնք կարող են ընդունելի լինել բոլոր ներգրավված կողմերի համար:
Միաժամանակ, միջազգային տարբեր գործընկերներ ևս պարբերաբար իրենց գաղափարներն են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում` երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:
Քննարկումները շարունակվում են շահագրգիռ բոլոր գործընկերների հետ՝ շահավետ և տարածաշրջանի խաչմերուկային ներուժն իրացնող արդյունքների հասնելու նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք՝ «Ազատության» հրապարակման համաձայն՝ «ԱՄՆ-ն առաջարկ է արել, որ Ադրբեջան-Նախիջևան ճանապարհն անցնի ՀՀ տարածքով, իսկ ԱԳՆ-ն լուռ է»:

You may also like...