Կա նախաձեռնված ավելի քան տասնյակ վարույթ, առնվազն 10-ի դեպքում ՀԷՑ-ի մեղավորությունը փաստարկված է. Խուդաթյան
«Մենք լրացուցիչ գործիք ենք տալիս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին՝ գնահատելու վարույթի մեկնարկին ռիսկը, որովհետև նախ խոսքը մեծ թվով սպառողների մասին է, երկրորդ՝ խոսքը կրիտիկական նշանակության ենթակառուցվածքի մասին է»:
Այս մասին խորհրդարանում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Ուզում եմ խիստ ընդգծել, որ սա չի վերաբերում միայն ՀԷՑ-ին: Սա վերաբերում է այն տնտեսվարողներին, ում ազդեցությունը մեր էներգահամակարգում կարող է որոշիչ լինել: Եվ այս տրամաբանությամբ ես մտահոգվելու առիթ չեմ տեսնում, թե ինչու ենք մենք լրացուցիչ գործիք տալիս հանձնաժողովին»,- նշել է նախարարը:
Նա հիշեցրել է, որ կան նախաձեռնված մի քանի տասնյակից ավելի վարույթներ, և առնվազն 10-ից ավելի վարույթների դեպքում ՀԷՑ-ի մեղավորությունը փաստարկված է. կա համապատասխան արձանագրություն:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ճշտող հարցին, թե խոսքը էներգետիկ համակարգի ինչ այլ ձեռնարկությունների մասին է, նախարարը ևս մեկ անգամ պարզաբանել է՝ 30 մեգավատտ և ավելի հզորության բոլոր ձեռնարկությունները համարվում են կրիտիկական նշանակության ենթակառուցվածք մեր էներգետիկ համակարգի համար, և նշված կարգավորումը հանձնաժողովին հնարավորություն է տալիս նաև քննարկելու իրենց մասով որոշակի գործողություններ իրականացնելը:
