ՀՀ դատախազը օրինականությունն ապահովելու է, անհարմար իրավիճակում եք հայտնվել․ Վարդապետյանը՝ Խամոյանին (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության դատախազը օրինականությունն ապահովելու է ցանկացած իրավիճակում, և ձեր տեղեկատվությունը շատ կիսատ է, այն իրավիճակում, երբ դատախազությունը հայտնաբերում է հանցագործության վերաբերյալ առերևույթ դեպքեր, դրանք ուղարկվում են քննչական մարմիններին՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով։
Ազգային ժողովի նիստի ընթացքում պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝ այս մասին ասաց Գլխավոր դատախազը։
Խամոյանը, նշենք, տվեց հետևյալ հարցը․ «Կարո՞ղ եք ինձ հիշեցնել, թե ե՞րբ է Արծվիկ Մինասյանը նշանակվել նախարար, և ե՞րբ է ենթադրյալ ապօրինի փաթեթը մուտք արվել նախարարություն։
Դուք Ձեր խոսքի ընթացքում և հարցին պատասխանելու ժամանակ ամբողջությամբ մեջբերում էիք Արծվիկ Մինասյանի ցուցմունքը։ Կարող եք հիշեցնել՝ ե՞րբ է Արծվիկ Մինասյանը հարցաքննվել, կա՞ն արդյոք այդ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ այլ ցուցմունքներ, կարող եք ասել՝ ի՞նչ ցուցմունքների մասին է խոսքը»։
Գլխավոր դատախազը պատասխանեց. «Կխնդրեմ ձեր իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանցից լրացուցիչ ճշտել, որ հաջորդ անգամ ձեզ անհարմար վիճակում չդնեն. հաղորդումը տարբերվում է քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու տարբերակով լրատվամիջոցներին ուղարկված, այդ թվում՝ ընդդիմադիր լրատվամիջոցներին, հրապարակումներից։
Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ Օհանյանը տարբեր տարիների ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող գույքը, մասնավորապես՝ Դրախտիկ համայնքում գտնվող հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը։
Ըստ գլխավոր դատախազության՝ Սեյրան Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015 թվականների ընթացքում զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը, և կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար և այլ անձանց ներգրավմամբ կազմակերպել և ապահովել է հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը, որի ընթացքում նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ իրականացրել են Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողները:
