Ի գիտություն ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շահառուների․ նախարարությունն իրազեկում է
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի այն շահառուները, որոնց տրամադրված հավաստագրի իրացումից հետո առկա է դրական մնացորդ, այսօրվանից կստանան էլեկտրոնային հաղորդագրություն դրա չափի վերաբերյալ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
«Հաղորդագրությունն ստանալուց հետո վերանորոգման վարկ ստանալու կամ գյուղատնտեսական նշանակության հող ձեռք բերելու նպատակով շահառուն կարող է դիմել գործընկեր բանկ։
Կահույքի և կենցաղային տեխնիկայի ցանկը ևս կհրապարակվի առաջիկայում. այս դեպքում անհրաժեշտ է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնել ցանկացած տնտեսվարող սուբյեկտից ձեռք բերվող գույքի և տեխնիկայի հաշիվ ապրանքագրերը, որից հետո գումարը կփոխանցվի տնտեսվարող սուբյեկտին»,- ասվում է հաղորդագրությունում։
