Մեղադրյալներից որևէ մեկը չի վիճարկել, որ իրենց ձայնը չէ. Աննա Վարդապետյանը՝ ահաբեկչության փորձի մասին
Մեղադրյլաներից որևէ մեկը չի վիճարկել, որ իր ձայնը չէ, բայց, ամեն դեպքում, քննության շրջանակներում փորձաքննություններ իրականացվում են, այդ թվում՝ ձայնային համընկնումները ստուգելու նպատակով:
Այդ մասին Ազգային ժողովի՝ հուլիսի 7-ի նիստին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե ձայների նույնականացում արվե՞լ է, Բագրատ Գալստանյանի և Արթուր Սարգսյանի ձայնագրությունների նույնականացում եղե՞լ է:
«Ո՛չ կալանքների միջնորդությունների քննարկման ժամանակ, ո՛չ վարույթի այլ փուլերի ընթացքում չենք ունեցել փաստարկ, որ իրենց ձայնը չէ»,- հայտարարեց Աննա Վարդապետյանը:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն ներկայացրել էր «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։
