Ստացել ենք խաղաղության պայմանագրի հետ կապված ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳ նախարար

Այս ընթացքում՝ մեր վերջին շփումներից հետո, հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի 5֊րդ խմբագրությունը կամ մեկնաբանությունները։ Այդ մասին ԱԺ-ում արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա տեղեկացրեց, որ ստացել են ադրբեջանական կողմի  առաջարկները։ «Գործընթաց կա, քննարկում կա, առերես բանակցություններ այս ընթացքում՝ հունիսից հետո, չեն եղել, տեղյակ եք այդ մասին։ Կրկին դժբախտաբար պետք է ասեմ, որ էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները, դեռևս, բավականին հեռու են միմյանցից»,- նշեց նախարարը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք սպասվում են հանդիպումներ և բանակցություններ՝ Միրզոյանն ասաց. «Հանդիպումների և բանակցությունների առաջարկ հիմնականում արդեն գոյություն ունեցող հարթակներով գրեթե մշտապես կա։ Եվ ես հիմա չեմ կարող հերքել, որ այդպիսի նախանշված կամ նախնական պայմանավորվածություններ ևս կան, եղել են։ Վերջին անգամ վարչապետի մասնակցությամբ բրյուսելյան հանդիպումից հետո ևս հայտարարվեց, որ նախատեսվում է կրկին առաջնորդների մասնակցությամբ հանդիպում, նույն Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում, այս անգամ արդեն Գրանադայում, ինչպես նշեցիք, հոկտեմբերին։ Նաև նախնական պայմանավորվածություն կար, քննարկումներ կային նախարարների մակարդակով հանդիպումների և բանակցությունների շարունակականության մասին։ Այս պահին կարող եմ ասել, որ որևէ կոնկրետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա, կան նախնական համաձայնություններ և քննարկումներ»։

 

You may also like...