Արտակ Զեյնալյանին են հանձնվել ՍԴ դատավորի հատուկ համազգեստը՝ պատմուճանը և թղթապանակը

2025 թվականի հուլիսի 8-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնած դատավոր Արտակ Զեյնալյանի ներկայացումը Բարձր դատարանի դատավորներին և աշխատակազմին:

Ինչպես հայտնել են ՍԴ-ից, արարողակարգային միջոցառման մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ներկայացնելով դատավորին՝ մաղթել է արդյունավետ պաշտոնավարում, ինչպես նաև հույս հայտնել, որ դատավոր Արտակ Զեյնալյանն իր ամենօրյա գործունեությամբ կնպաստի մեր երկրում սահմանադրական արդարադատության, իրավունքի գերակայության և սահմանադրականության ամրապնդմանը:

Արտակ Զեյնալյանն իր խոսքում նշել է, որ իր համար պատիվ է ՍԴ դատավորի բարձր պաշտոնում և մյուս դատավորների գործընկերությամբ մասնագիտական գործունեությունը շարունակել Սահմանադրական դատարանում՝ իր գիտելիքներն ու փորձը ծառայեցնելով սահմանադրական արդարադատության խնդիրների լուծմանը:

Միջոցառման ընթացքում Սահմանադրական դատարանի դատավոր Արտակ Զեյնալյանին են հանձնվել Սահմանադրական դատարանի դատավորի հատուկ համազգեստը՝ պատմուճանը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի թղթապանակը:

515494499_1240041184831466_7051156399160036149_n.jpg (603 KB)

Ազգային ժողովը հունիսի 19-ին հաստատել էր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

Մինչ այդ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, քանի որ 9 տարի ժամկետով ընտրվել է ՄԻԵԴ-ի դատավոր:

ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրվել էր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Նա «Հանրապետություն» կուսակցության և Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ էր:

Զեյնալյանը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելուց առաջ կարգի համաձայն՝ կուսակցությունից դուրս գալու դիմում էր ներկայացրել, նաև վայր էր դրել ավագանու անդամի մանդատը:

You may also like...