Այո, հարցաքննվում էի, մեղադրանք են առաջադրել, ես ցուցմունք չեմ տվել. Սեյրան Օհանյան

Ինչպես քիչ առաջ հայտնել էինք, ՀՀ քննչական կոմիտեում հարցաքննվում էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Լրագրողների հետ զրույցում Օհանյանը նշել է, որ հարցաքննվել է, իրեն առաջադրվել է մեղադրանք, որի դրվագների հետ համաձայն չէ:

«Բնականաբար մեղադրանքի դրվագների հետ ես համաձայն չեմ, չեմ ընդունել, բայց նաև օգտվելով իմ իրավունքից ցուցմունք չեն տվել, որովհետև առողջական խնդիրներ ունեմ: Ինձ զանգահարել են բուժհիմնարկից են հրավիրել այստեղ՝ հաշվի առնելով որ 18 ժամվա ընթացքում մեղադրանք պետք է առաջադրվի, դրա համար ներկայացել եմ: Մնացածը ես կարծում եմ, երբ որ արդեն խորությամբ ծանոթանանք, այն ժամանակ առիթ կլինի զրուցել:

Ելնելով իմ առողջական վիճակից իրենք պետք է սա հետաձգեին և մեկնաբանել են, որ ես առողջական խնդիրներ չունեմ: Կարող եմ ասել, որ այս վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում մայիսի 22-ից մինչև հունիսի մեկը մեկ անգամ նախաինսուլտային վիճակ է եղել իմ մոտ և երկրորդը պրոտեզի հետ կապված խնդիրներ են եղել և ես դրանով եմ զբաղված եղել:

Ես որևէ առիթ չեմ տվել այս տարիների ընթացքում, սկսած 1992 թվականի սեպտեմբերի 10-ից, երբ որ վիրավորվել են որ ինչ-որ փաստաթղթով, իմ առողջական վիճակով ես թաքնված լինեմ: Ես գտնում եմ, որ իրենք սխալներ են թույլ տվել և այդ սխալների համար երևի եթե ժամանակը իր գնահատական կտա»,- ասաց Օհանյանը:

Ինչպես հայտնել ենք, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստին էր ներկայացրել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

Սեյրան Օհանյանի գործը վերաբերում է «Սևան» ազգային պարկի տարածքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելուն:

You may also like...