Ալիևն ու ԱՄԷ նախագահը համաձայնագիր են ստորագրել

Հուլիսի 9-ին Աբու Դաբիում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հանդիպումը։

Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև բարեկամության և եղբայրության վրա հիմնված հարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերության բնույթ, երկու երկրների միջև քաղաքական կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա, իսկ տնտեսական և առևտրային համագործակցությունը զարգանում է։

Հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, նշվել է երկրների միջև էներգետիկայի, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում հաջող համագործակցությունը, և քննարկվել են այդ ոլորտում հեռանկարային նախագծերը։

Այնուհետ ստորագրվել է «Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև համապարփակ տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը»։

You may also like...