Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեում ահաբեկչության նախապատրաստության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկությամբ առգրավված առարկաների վերաբերյալ ԶԼՄ-ներում, ինչպես նաև տարբեր անհատների կողմից փորձ է կատարվում ապատեղեկատվություն տարածել, թե իբր հայտնաբերված առարկաները նախատեսված են այլ նպատակային նշանակության համար և հանրային վտանգավորություն չեն ներկայացնում: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հորդորում ենք զերծ մնալ անձնական կամ այլ շարժառիթներով պայմանավորված ապատեղեկատվություն տարածելու արատավոր գործելաոճից, ինչպես նաև ձեռնպահ մնալ հանրության շրջանում քրեական վարույթի նյութերից չբխող կեղծ տեղեկություններ շրջանառելուց:
Քննչական կոմիտեն շարունակելու է հետևողական կերպով օրինականության և արդարության սկզբունքների անշեղ կենսագործմամբ նախաքննության խնդիրների արդյունավետ իրականացումը և ձեռնարկելու է քրեադատավարական օրենքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ այդ սկզբունքների կենսագործումը՝ վստահեցնելով, որ օրենքով սահմանված կարգով հակազդելու է հակաօրինական բնույթ կրող ցանկացած տեսակի հանցավոր ոտնձգությանը։
