ՀՀ ԱԳ փոխնախարարը վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, հուլիսի 10-ին լրագրողի հարցին ի պատասխան, վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը: Փոխնախարարն իր խոսքում քանիցս շեշտել է ՀՀ-ի համար առանցքային համարվող սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային իրավազորությունը, որոնց պետք է համապատասխանեն քննարկվելիք առաջարկները, լուծումները՝ չթողնելով տարընկալման տեղ։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակը՝ ընդգծելով, որ նախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը, երևույթը։

«Չնայած դրան՝ մամուլում և սոցիալական հարթակների տարբեր օգտատերերի կողմից թեման աղճատվել է՝ միտված Աբու Դաբիում բանակցությունների ֆոնին կեղծ վերնագրերի տարածմանն ու հիմնազուրկ աղմուկի առաջացմանը։

Ընդգծում ենք ևս մեկ անգամ, որ կապուղիների ապաշրջափակման տեսլականը խարսխված է վերոնշյալ հիմնարար սկզբունքների վրա և ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ իրականությունը, այդ թվում՝ միտումնավոր խեղաթյուրող հրապարակումներից, գործունեությունից։ Սույնով ակնկալում ենք թեման այլափոխած հրապարակումների հեռացում, հերքում և այս հրապարակման տարածում։

Ուղիղ մեջբերում փոխնախարար Սաֆարյանի խոսքից. «Այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո, եթե դա համապատասխանի այդ սկզբունքներին, այո, կարող է իրականացվել»»,- ասվում է գրառման մեջ:

Ավլի վաղ «Ազատության» հետ զրույցում փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել էր, որ սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը։

You may also like...