Իրանում բոլոր օդանավակայանների աշխատանքը վերսկսվել է
Իրանի իշխանությունները հայտարարել են երկրի բոլոր օդանավակայանների լիարժեք աշխատանքի վերսկսման մասին՝ հունիսին 12-օրյա պատերազմի պատճառով մոտ երկու շաբաթ տևած ժամանակավոր դադարից հետո։
Այս մասին հայտնել է իրանական Tasnim գործակալությունը։
Վերջին օրերին պաշտոնական թույլտվություն էր տրվել Թավրիզի օդանավակայանի գործունեությունը վերսկսելու համար։
Սպահանի օդանավակայանը ևս շուտով կվերադառնա օդային տրանսպորտի ցանցին՝ վերականգնման աշխատանքների ավարտից հետո։ Թավրիզի և Սպահանի օդանավակայանները, որոնք լուրջ վնասներ էին կրել իսրայելական հարձակումների ժամանակ, վերականգնվել են 10 օրից էլ պակաս ժամանակում, վերանորոգվել են նաև թռիչքուղիները։
The Associated Press-ի փոխանցմամբ՝ Իրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանը 20-օրյա դադարից հետո ընդունել է իր առաջին արտասահմանյան չվերթը։
Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից վերջին օրերին տարածված հայտարարությունների համաձայն՝ Իրանի կենտրոնում և արևմուտքում գտնվող օդանավակայանները կաշխատեն առավոտյան ժամը 5։00-ից մինչև 18:00-ն, մինչդեռ արևելքում գտնվող օդանավակայանները կաշխատեն օրական 24 ժամ։
Այս ժամանակացույցը պայմանավորված է գիշերային ժամերին օդային տարածքի անվտանգության ապահովմամբ և երկրի օդային տարածքը պաշտպանելու համար ՀՕՊ ուժերին լիարժեք հնարավորություններ տրամադրելով։
