Պետդեպը սկսել է հաստիքների կրճատումը. ծանուցումներ են ուղարկվել 1107 պետծառայողի և 246 դիվանագիտական աշխատողի

ԱՄՆ պետդեպարտամենտը հուլիսի 11-ին հայտարարել է վերակազմակերպման շրջանակներում ավելի քան 1300 աշխատակիցների զբաղեցրած պաշտոններից հեռացնելու մասին:

Աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումներ են ուղարկվել 1107 պետական ծառայողների և 246 դիվանագիտական աշխատողների:

Վերջիններս 120, ոմանք 60 օրով կուղարկվեն չվճարվող արձակուրդ, որից հետո պաշտոնապես կազատվեն աշխատանքից։

Պետդեպարտամենտը դեռևս այս տարվա մայիսին է ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել վերակազմակերպման մտադրության մասին:

Գործընթացը, ինչպես նշված է ամերիկյան խորհրդարանին այս գերատեսչության ուղղված նամակում, կառնչվի ավելի քան 300 վարչությունների և ստորաբաժանումների, որոնք, ըստ պետդեպի, կրկնօրինակում են այլ ստորաբաժանումների գործառույթները կամ ունեն անհասկանալի գործառույթներ։

Նամակում նաև նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կարծիքով, ժամանակակից արդյունավետ դիվանագիտությունը պահանջում է ուռճացված բյուրոկրատիայի արդյունավետացում։

You may also like...