Բացառել հանձնարարականի կատարման ժամկետի ուշացումը, լինել զգոն. խորհրդակցություն Էկոպարեկային ծառայությունում
Հուլիսի 18-ին ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ, ղեկավար կազմի, ինչպես նաև հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ կայացել է գործակարգավարական խորհրդակցություն։
Ինչպես հայտնել են ծառայությունից, խորհրդակցության առանցքում ծառայությունում մինչ օրս կատարված աշխատանքների վերլուծությունն է եղել՝ նպատակ ունենալով վեր հանել ձեռքբերումները, արձանագրել առկա խնդիրները և հստակեցնել առաջիկա անելիքները։
«Էկոպարեկային ծառայությունը պետք է շարունակի հաստատուն քայլերով զարգանալ՝ հստակ կողմնորոշված լինելով դեպի պրոֆեսիոնալ կարողությունների ուժեղացում, տեխնիկական վերազինում և ինստիտուցիոնալ կայացում»,- իր խոսքում նշել է ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը։

Ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանի կողմից ներկայացվել են ընթացիկ քայլերի մասին հաշվետվություններ, քննարկվել են ընթացող և նախատեսվող բարեփոխումների ուղղությունները։
Քննարկվել են նաև ծառայության կառուցվածքային հնարավոր վերանայումները, մարզային վարչությունների տեխնիկական կարողությունների կատարելագործումը, կադրային քաղաքականության թափանցիկ և մրցակցային ընթացակարգերի ապահովումը, իրավական կարգավորումների շարունակական արդիականացումը և այլն։
Անդրադարձ է կատարվել արդյունագործական որսի վերահսկողությանն ուղղված մեխանիզմների կատարելագործմանը, ջրային էկոպարեկների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանն ուղղված դասընթացներին, համազգեստի ընտրության հարցում գործնական և էկոլոգիական չափորոշիչների կիրառմանը։
Քննարկվել են նաև միջազգային համագործակցության շրջանակում ընթացող ծրագրերը, փաստագրվել առկա իրավիճակը, սպասվող զարգացումները և Էկոպարեկային ծառայության հանձնառությունները։

Խորհրդակցության ավարտին Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը ևս մեկ անգամ անդրադարձել է աշխատակիցների կարգապահության ապահովման, պատասխանատվության և համակարգային կազմակերպվածության կարևորությունը՝ հորդորելով բացառել որևէ հանձնարարականի կատարման ժամկետների ուշացում, լինել զգոն և խստագույնս ուշադիր բոլոր գործողություններում՝ առաջնորդվելով ծառայության կարգապահական մշակույթով և միջազգային լավագույն փորձով։
Նա հատուկ շեշտել է ծառայության վարկանիշը, մասնագիտական արժանահավատությունը և հեղինակությունն անշեղորեն բարձր պահելու, ծառայողի վարքագծում ու որոշումներում բացառապես պետական շահն ու բնապահպանական պատասխանատվությունը գերակա դարձնելու անհրաժեշտությունը։
