ՀԾԿՀ նախագահը արբիտրաժային վեճի կապակցությամբ ընդունված ակտի վերաբերյալ հայտարարություն է արել
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ մամուլում շրջանառվող տեղեկությունների կապակցությամբ հայտարարություն է հրապարակել:
Նա հայտնում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը իրավասու չէ գնահատել արբիտրաժային վեճի արդյունքում 2025 թվականի հուլիսի 22-ին ընդունված ակտով նախատեսված ապահովման միջոցների կիրառելիության հարցը, հաշվի առնելով, որ օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:
«Ուստի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որևէ վերաբերելի գործողություն, օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում, կարող է հետևել միայն նշված ակտի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչման և կատարման ընթացակարգեր ապահովվելուց հետո»,- ասվում է հայտարարության մեջ:
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռի վերաբերյալ ՀՀ կառավարությունից էլ ավելի վաղ հայտնել էին, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են ՀԷՑ-ի գործով Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։
