Թուրքիայի ԱԳ նախարարը, հետախուզության ղեկավարը և ԶՈՒ ԳՇ պետը կմասնակցեն ռուս-ուկրաինական բանակցություններին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության, հետախուզության ղեկավարները և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կմասնակցեն Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին։

Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները։

«Բանակցություններին կմասնակցեն արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքը։

Նախարար Ֆիդանը ելույթ կունենա հանդիպման բացման արարողության ժամանակ», — ասել են նրանք։

Գերատեսչությունից հաստատել են, որ Ստամբուլում բանակցությունները նախատեսված են սկսել տեղական ժամանակով ժամը 19:00-ին (ՀՀ ժամանակով՝ 20:00)։ Այս մասին ավելի վաղ հայտնել էին թուրքական լրատվամիջոցները։

Բանակցություններին ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը նախատեսված է հուլիսի 23-ին Ստամբուլում:

You may also like...