Հանրապետության նախագահն այցելել է Սյունիքի մարզ (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։

Այցի մեկնարկին Հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ և մարզի համայնքների ղեկավարներ։

Այս մասին  Petutyun.com-ին  տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզպետը զեկուցել է մարզում իրականացվող ոլորտային ծրագրերի ընթացքը, արձանագրված առաջընթացն ու առկա խնդիրները, ինչպես նաև վերջիններիս հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները։

Նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից Սյունիքի մարզում նախաձեռնված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերն ու նախագծերը։

Հանրապետության նախագահը խորհրդակցության մասնակիցներից հետաքրքրվել է մարզում տիրող ընդհանուր իրավիճակով, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական մթնոլորտով, որի վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել ուժային կառույցների ներկայացուցիչները և համայնքների ղեկավարները։

Խորհրդակցության ավարտին նախագահ Խաչատուրյանը պատասխանել է մարզային իշխանության ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին՝ անդրադառնալով երկրի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններին։

You may also like...