ԿԽՄԿՆ-ն այլևս չի այցելի Բաքվում պահվող հայերին․ Զառա Ամատունի
Բաքվում պահվող հայերին այս պահին նախատեսված որևէ այց հստակեցված չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
Նա հավելեց, որ միևնույն ժամանակ կազմակերպությունը շարունակում է երկխոսությունն Ադրբեջանի իշխանությունների հետ: «Կազմակերպությունը շարունակում է երկխոսությունն Ադրբեջանի իշխանությունների հետ՝ հասկանալու, թե ինչ հնարավոր տարբերակներ կարող են լինել մարդասիրական խնդիրներին անդրադառնալու համար։
Խոսքը վերաբերում է ինչպես պահվող անձանց տեսակցությունների խնդրին, այնպես էլ անհայտ կորածների որոնման և մնացած մարդասիրական գործառույթներին։ Եթե հնարավոր լինի, փորձելու ենք ինչ-որ մասով շարունակել աշխատանքները կամ դրանք կփոխանցվեն այլ կառույցների։ Սակայն այս պահին հստակություն և որոշակիություն չկա»,- ընդգծեց ԿԽՄԿ ներկայացուցիչը։
Ամատունու խոսքով, հաշվի առնելով այն փաստը, որ գրասենյակն Ադրբեջանում շուտով փակվելու է, տեսակցությունների մասով չեն կարող ընտանիքներին պահել անորոշության մեջ:
«Մենք հստակ իրենց փոխանցել ենք այն, ինչ ունենք՝ կատարված այց հունիսին և ոչ մի հստակություն առաջիկայում կապված այս մասով»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ Բաքվում պահվում և ապօրինի ու շինծու գործով դատում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Բաքվի բանտերում պաշտոնապես պահվում են 23 հայ գերի:
