Արմեն Աշոտյանը պետք է չբացակայի իր բնակության վայրից 22:00-ից մինչև 08:00-ը

Արմեն Աշոտյանին այցելել են Պրոբացիայի ծառայության աշխատակիցները՝ տնային կալանքը դադարեցնելու և վարչական հսկողություն կիրառելու համար:

Այս մասին հայտնել է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Ըստ դատարանի որոշման՝ Արմեն Աշոտյանը պետք է չբացակայի իր բնակության վայրից 22:00-ից մինչև 08:00-ը:

«Շաբաթական 3 անգամ պետք է այցելի պրոբացիայի ծառայություն՝ գրանցվելու համար, ինչպես նաև արգելվում է հաղորդակցվել գործով դեռևս չհարցաքննված վկաների հետ: Բացի այդ՝ պահպանվում են գրավը և բացակայելու արգելքը:

Այսինքն՝ վերաքննիչ դատարանը սահմանել է վարչական հսկողության բավականին խիստ տարբերակ»,- նշել է Աթանեսյանը։

Ըստ իրավապահների՝ Աշոտյանը տարիներ առաջ կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա ավելի քան 185,5 միլիոն դրամի հափշտակությունը:

Տարբեր հանցավոր արարքների հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 38.658.200 (38 միլիոն 658 հազար 200) ՀՀ դրամի գույքային վնաս:

You may also like...