Բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրվել. ՔՏՀԱՏՄ

Հաշվի առնելով ՀՀ տարածքում վերջին օրերին արձանագրվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև դրա հետևանքով հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճը՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողներին, դրանց պատասխանատուներին, ինչպես նաև քաղաքացիներին.

  • ցուցաբերել առավելագույն զգոնություն և բարձր իրավագիտակցություն,
  • խստագույնս վերահսկել բենզա և գազալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը,
  • անհապաղ բացառել ծխելու և բաց կրակի օգտագործման ցանկացած դեպք,
  • ապահովել տարածքների առօրյա հսկողություն և անհրաժեշտ տեխնիկական միջոցներով վերահսկողություն։

ՔՏՀԱՏՄ-ը տեղեկացնում է՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Տեսչական մարմնում զգալիորեն ավելացել են նշված ոլորտին վերաբերող քաղաքացիների ահազանգերը, բողոքները, որոնք հիմնականում վերաբերում են ծխելու դեպքերին, անպատասխանատու վարքագծին և անվտանգության կանոնների անտեսմանը։

Տեսչական մարմինը հորդորում է չանտեսել ստեղծված հրդեհավտանգ իրավիճակը և ձեռնարկել բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ կանխելու հնարավոր վտանգներն ու ապահովելու քաղաքացիների, անձնակազմի և գույքի անվտանգությունը։

«Ցուցաբերեք բարձր պատասխանատվություն և իրավագիտակցություն՝ այդ կերպ նպաստելով հրդեհների ու տեխնածին վտանգների կանխարգելմանը»,- նշվում է տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունում։

You may also like...