Վաշինգտոնում ԱԳ նախարարները ստորագրեցին ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու միասնական դիմումը՝ ուղղված ԵԱՀԿ-ին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում լրագրողների հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրին՝ ընդգծելով, որ տեղի ունեցածի հետ կապված որևէ մեկնաբանություն, որևէ ընկալում անելիս պետք է հենվել հրապարակված տեքստի վրա:

«Այն, ինչ կա, գրված է տեքստում, այն, ինչ չկա տեքստում, ուրեմն չկա»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ Վաշինգտոնում երկու երկրների ԱԳ նախարարները նաև ստորագրել են ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու միասնական դիմումը՝ ուղղված ԵԱՀԿ-ին:

«Ինչու է լուծարվում Մինսկի խումբը. որովհետև, երբ որ հաստատված է խաղաղություն, ՄԽ-ն կոնֆլիկտի սիմվոլն է, և գոյությունը կարող է կողմերի մոտ կասկած առաջացնել մյուս կողմի անկեղծության մասով»,- ասել է վարչապետը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են հռչակագիր, որը վերաբերում է միջազգային բարեկեցության և խաղաղության Թրամփի ուղուն։ Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։

You may also like...