Ղրղզստանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը. ՀՀ-ն ներկայացնում է փոխվարչապետը
Ղրղզստանի Իսիկ-Կուլ լճի ափին մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽԽ) 43-րդ նիստը:
Չոլպոն-Ատա քաղաքում (Ղրղզստանի հյուսիսում գտնվող Իսիկ-Կուլի շրջան) կայացել է ղրղզա-ռուսական տնտեսական ֆորումը, ինչպես նաև նեղ կազմով ԵՄԽԽ-ի նիստը։ Օգոստոսի 15-ին ԵՄԽԽ-ի նիստը կկայանա ընդլայնված կազմով։
Նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների վարչապետները, բացառությամբ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի, ով, ըստ կառավարության հաղորդագրության, օգոստոսի 12-ից 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։
Փաշինյանի փոխարեն Ղրղզստան է մեկնել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ԵՄԽ նիստի օրակարգում են ԵԱՏՄ-ում ինտեգրման խորացման արդիական խնդիրները, այդ թվում՝ մաքսային կարգավորման, տրանսպորտի, բորսայական առևտրի, դեղերի և բժշկական սարքավորումների ընդհանուր շուկաների ձևավորման, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում։
Հանդիպման ընթացքում նախատեսվում է համաձայնեցնել ԵԱՏՄ-ի շրջանակներում դեղերի և բժշկական սարքավորումների ընդհանուր շուկաների զարգացման հայեցակարգը։
Բացի այդ, հանդիպման մասնակիցները կքննարկեն կլիմայական օրակարգի կարգավորման մոտեցումների իրականացումը։
ԵԱՏՄ-ն ներառում է հինգ երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։
