Հայտնի են Միքայել Աջապահյանի գործով հաջորդ դատական նիստերի օրերը
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ընթանում էր Շիրակի թեմի առաջնորդ Գևորգ (Միքայել) Աջապահյանի գործով դատական առաջին նիստը:
Դատարանը դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ մերժել է Շիրակի թեմի առաջնորդին կալանքից ազատելու միջնորդությունը, կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 10 օրով։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի գործով դատական հաջորդ նիստերը նշանակվել են օգոստոսի 18-ին, 19-ին, 21-ին և 25-ին՝ ժամը 14։00-ին։
Դատարանը նաև հետաձգել է Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթը կասեցնելու միջնորդության քննությունը։
Նշենք՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանները խափանման միջոցը փոխելու հարցն առաջնահերթության կարգով քննարկելու միջնորդություն էին ներկայացրել։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումներին, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին՝ հարցազրույցների ընթացքում, հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։
