Ավստրալիան արտաքսել է երկրից Իրանի դեսպանին և փակել դեսպանատունը

Ավստրալիան արտաքսել է երկրից Իրանի դեսպան Ահմադ Սադեղիին և փակել նաև իր դեսպանատունը Իսլամական Հանրապետությունում։

Այս մասին ասվում է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեի կայքում հրապարակված հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ Ավստրալիայի անվտանգության հետախուզական ծառայությունը երկրի դաշնային ոստիկանության հետ համատեղ հետաքննություն է անցկացրել Ավստրալիայում հրեական համայնքի դեմ մի շարք հակասեմական հարձակումների վերաբերյալ, որի ընթացքում պարզվել է, որ դրանցից առնվազն երկուսը աջակցվել են Իրանի կառավարության կողմից։

«Մեր հասարակության վրա այս հարձակումները բացարձակապես անընդունելի են, և Ավստրալիայի կառավարությունը վճռական գործողություններ է ձեռնարկում ի պատասխան։

Մենք տեղեկացրել ենք Ավստրալիայում Իրանի դեսպանին (Ահմադ Սադեղի), որ նա և ևս երեք դիվանագետներ արտաքսվելու են երկրից։ Մենք կասեցրել ենք մեր դեսպանատան աշխատանքը Թեհրանում, և մեր բոլոր դիվանագետներն այժմ անվտանգ են երրորդ երկրում»,- ասվում է հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ Ավստրալիայի կառավարությունը կընդունի օրենսդրություն, որը թույլ կտա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:

You may also like...