ԱՄՆ իշխանությունները Չիկագոյի մոտ գտնվող ռազմաբազայից օգնություն են խնդրել անօրինական ներգաղթյալների դեմ գործողություններում. AP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հարցում է ուղարկել Չիկագոյից (Իլինոյս նահանգ) մոտ 56 կմ հյուսիս հեռու գտնվող ռազմաբազային՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարում ներքին անվտանգության նախարարությանն անհրաժեշտ սարքավորումներ ու ենթակառուցվածքներ տրամադրելու համար՝ հաղորդել է Associated Press-ը։

«ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը Naval Station Great Lakes բազային խնդրել է աջակցել ներքին անվտանգության նախարարության գործողություններին՝ սարքավորումներով, ենթակառուցվածքներով և լոգիստիկ այլ կարիքներով»,- Associated Press-ը մեջբերում է բազայի ներկայացուցչի՝ Մեթ Մոուգլի խոսքը։ Նա նշել է, որ այդ հարցման վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։

Թրամփի վարչակազմի ծրագրերի մանրամասները չեն հրապարակվել։ Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ կարող է ԱՄՆ ազգային գվարդիայի ստորաբաժանումներ ուղարկել նաև Չիկագո։ «Վաշինգտոնում հանցագործության դեմ պայքարից հետո մենք կզբաղվենք մյուս քաղաքներով։ Կարծում եմ՝ Վաշինգտոնից հետո Չիկագոն կլինի»,- ասել է Թրամփը։

Իլինոյսի նահանգապետ, դեմոկրատ Ջեյ Ռոբերտ Պրիցկերը դեմ է այդ գաղափարին։ AP-ի տվյալներով՝ 2024 թվականին Չիկագոյում գրանցվել է  բռնի մահվան 573 դեպք, ավելի շատ, քան ԱՄՆ ցանկացած այլ քաղաքում։ Սակայն 2025 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Չիկագոյում բռնությամբ ուղեկցվող հանցագործության մակարդակը նվազել է 22%-ով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

You may also like...