Կիմ Չեն Ընը Պուտինի հետ հանդիպմանը խոստացել է լիակատար աջակցություն Ռուսաստանին

Պեկինում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի դեմ առ դեմ հանդիպումը, որը տևել է մոտ մեկ ժամ:

Չինաստանի մայրաքաղաքում հանդիսավոր միջոցառումների շրջանակում ղեկավարները նախ երկկողմ հանդիպում են ունեցել պատվիրակությունների մասնակցությամբ:

Ռուսական կողմից ներկա են եղել ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը և բնական պաշարների ու բնապահպանության նախարար Ալեքսանդր Կոզլովը:

Ավելի քան մեկուկես ժամ անց Պուտինն ու Կիմ Չեն Ընը դուրս են եկել բանակցությունների սրահից և դեմ առ դեմ հանդիպումն անցկացրել մեկ ուրիշ սենյակում:

Ընդհանուր առմամբ, բանակցությունները տևել են 2,5 ժամից ավելի: Այդ ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդը հաստատել է իր լիակատար աջակցությունը ռուս գործընկերոջը: «Եթե ես ինչ-որ բան կարող եմ կամ պետք է անեմ Ձեզ և ռուս ժողովրդի համար, դա համարում եմ իմ եղբայրական պարտականությունը»,- ասել է Կիմը Պուտինին:

Իր հերթին, Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ առաջնորդին Ուկրաինայում պատերազմում ռուսական զորքերին աջակցելու նպատակով հյուսիսկորեական զորք ուղարկելու համար: Հանդիպման ավարտին Ռուսաստանի նախագահը Կիմ Չեն Ընին հրավիրել է Մոսկվա, հաղորդում են ռուսական պետական ​​լրատվամիջոցները:

You may also like...