Պուտինը և Ալիևը բովանդակային շփում չեն ունեցել, չեն բանակցել, եղել է միայն մեկ ձեռքսեղմում. Պեսկով

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև վերջերս լարված հարաբերությունների ֆոնին Պեկինում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթի և դրան նհախորդած հանդիպումների ընթացքում Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ողջունել են իրար միայն ձեռքսեղմումով:

Երկու երկրի ղեկավարները չեն զրուցել, սեպտեմբերի 1-ին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում նախագահներն առանձին հանդիպում ևս չեն անցկացրել, ինչպես եղել է գրեթե բոլոր առաջնորդների դեպքում:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Պուտինը և Ալիևը չեն բանակցել:

«Այս անգամ բովանդակալից որևէ շփում չի եղել»,- նշել է նա:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը «Ալ Արաբիայի» հետ զրույցում մեկնաբանել էր Ազալ ավիաընկերության քաղաքացիական ինքնաթիռի խոցումը, նշել, որ դա ռուսական կողմի սխալի հետևանքն է եղել:

«Իսկ միջադեպին ռուս պաշտոնյաների արձագանքը մեծ հիասթափություն է առաջացնում»,- ընդգծել էր Իլհամ Ալիևը՝ բողոքելով, որ այնուհետև Ռուսաստանում գտնվող ադրբեջանցիների նկատմամբ բռնություն է կիրառվել։

«Մենք պատասխանատվություն չենք կրում հարաբերությունների վատթարացման համար։ Երբեք չենք հանդուրժի մեր նկատմամբ անհարգալից վերաբերմունքի որևէ դրսևորում»,- նշել էր Ալիևը։

You may also like...