Այս պահին ակտիվ դիտարկվում են ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվելիք քայլերի մի քանի տարբերակներ. Փաուեր

Ես այստեղ եմ տեղում իրավիճակին, փաստերին ծանոթանալու, լսելու ականատեսների վկայությունները և խորհրդակցելու տարածաշրջանի, մասնավորապես Հայաստանի իշխանությունների հետ։ Կոռնիձորում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։

«Երբ վերադառնամ Վաշինգտոն, կներկայացնեմ այն, ինչ լսել եմ ականատեսներից, և դա շատ կօգնի նախագահին և վարչակազմին դիտարկվող տարբերակներից ընտրելու այն տարբերակը, որը կկիրառվի»,- ասաց Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորության վերաբերյալ հարցին։

Նա նշեց, որ այս պահին ակտիվ դիտարկվում են ձեռնարկվելիք քայլերի մի քանի տարբերակներ։ «Վարչակազմի իմ գործընկերներին ներկայացնելու եմ, թե ինչքան ծանր է իրավիճակը ԼՂ-ի բնակիչների համար»,- ասաց Փաուերը։

Միաժամանակ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել ԼՂ-ից հեռացող քաղաքացիներին։ «Այս անհավատալի հանգամանքներում փախուստի դիմած մարդկանց անհետաձգելի կարիքները հոգալու հարցում մենք նույնպես պատրաստ ենք մեր ներգրավվածությունն ունենալ։ Ես կարծում եմ, որ այն միջոցները, որ ԱՄՆ-ը հատկացնում է հումանիտար կարիքները հոգալու նպատակով, կկարողանան դրական տեղաշարժ ապահովել այդ մարդկանց համար»,- նշեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը։

You may also like...