Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա. Փաշինյան
Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների բռնի տեղահանությանը:
Այնուհետև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են ԼՂ մեր հայրենակիցների խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,
Լեռնային Ղարաբաղի հայության ելքն Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով շարունակվում է:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա: Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է, և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը:
Միջազգային տարբեր խաղացողների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրան չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարություններն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն, որպեսզի հետագայում տարբեր երկրներ իրենց` այս հանցագործությունից ֆորմալ առումով տարանջատելու հնարավորություն ունենան՝ ասելով դե մենք դատապարտել ենք: Եթե դատապարտման մասին հայտարարություններին համարժեք քաղաքական և իրավական բնույթի որոշումներ չեն հետևում, դատապարտումները դառնում են տեղի ունեցողին համաձայնվելու ակտեր:
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, մեր այսօրվա առաջնային պարտքն է, հնարավորինս հոգատար կերպով ընդունել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին ու ապահովել նրանց ամենահրատապ կարիքները»;
