Դեսպան Մկրտչյանն ու Հունաստանի կրթության փոխնախարարը քննարկել են բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության քայլերը
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի կրթության, կրոնական հարցերի և սպորտի փոխնախարար Նիկոլայոս Պապայոաննուի հետ։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:Հանդիպմանը քննարկվել է հուլիսի 22-ին Աթենքում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Հունաստանի կրթության, կրոնական հարցերի և սպորտի նախարար տիկին Սոֆիա Զախարակիի միջև ստորագրված 2025-2028 թթ կրթության և գիտության բնագավառներում համագործակցության ծրագրի իրականացման ընթացքը։
Դեսպան Մկրտչյանը փոխնախարար Պապայոաննուին է ներկայացրել ՀՀ կառավարության «Ակադեմիական քաղաք» նախագծին նվիրված առաջիկա միջոցառումները` կարևորելով Հունաստանի մասնակցությունը դրանցում։
Քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության հաջորդ քայլերը, որոնց վերոհիշյալ համաձայնագրում հատուկ շեշտադրում է արվում։
Մասնավորապես քննարկվել են`
— համալսարանների ասպիրանտների, ակադեմիական և հետազոտական անձնակազմի փոխանակումները.
— համագործակցությունը ուսման որակավորումների ճանաչման հարցերում.
— համատեղ ասպիրանտական ծրագրերի կազմակերպումը և՛ հումանիտար, և՛ գիտատեխնիկական ոլորտներում.
— հունագիտությանը և հունարենի տարածումը` այդ թվում հայագիտության ընդարձակման հնարավորությունները Հունաստանում և հունագիտության ծրագրերը Հայաստանում (ներառյալ հին հունարենի դասավանդման հնարավոր աջակցությունը):
Կողմերը պայմանավորվել են պարբերաբար կապի մեջ լինել` հետևողականորեն իրականացնելով Հայաստանի և Հունաստանի կրթության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։
