Գերմանիան Լեհաստանին առաջարկում է անվտանգության երաշխիքներ՝ փոխհատուցման փոխարեն

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի Բեռլին այցից առաջ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Կնուտ Աբրահամը կրկին մերժել է Գերմանիային ուղղված փոխհատուցում վճարելու կոչերը։ Փոխարենը, Բեռլինը կարող է Վարշավային տրամադրել անվտանգության երաշխիքներ:Առաջարկը նա արել է Redaktionsnetzwerk Deutschland խմբագրական ցանցին տված հարցազրույցում։

Գերմանիան և Լեհաստանը «միմյանց կողքին են», և Գերմանիայի կառավարությունը պետք է հաստատի դա «ռազմական և ֆինանսական առումով», — շարունակել է Աբրահամը։

«Լեհաստանի նախագահին ուղղված ուղերձում պետք է վստահեցնել, որ Լեհաստանի անվտանգության ցանկացած ամրապնդում Գերմանիայի անվտանգության ամրապնդումն է, լինի դա ֆինանսական օգնություն, սպառազինության համակարգեր, թե Բունդեսվերի ստորաբաժանումներ», — ասել է նա՝ մեկնաբանելով Նավրոցկիի առաջիկա այցը։

Հունիսին Լեհաստանի նախագահ ընտրված Կարոլ Նավրոցկին սեպտեմբերի 16-ին իր առաջին այցը կկատարի Բեռլին։ Նրան կընդունեն Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Նավրոցկին բազմիցս խոսել է իր երկրին գերմանական փոխհատուցումներ վճարելու անհրաժեշտության մասին՝ թե՛ նախընտրական քարոզարշավի, թե՛ սեպտեմբերի 1-ին՝ Լեհաստան գերմանական ներխուժման տարելիցի առթիվ։

You may also like...