Կառավարությունում փոխվարչապետների մակարդակով պաշտոնանկություններ չեն սպասվում. վարչապետ

«Կառավարությունում մասնավորապես փոխվարչապետների մակարդակով պաշտոնանկություններ չեն սպասվում»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արշալույսները միշտ խաղաղ են, բայց այդ խաղաղությունը երբեք չի եղել ճահճային:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպին, նկատեց.

«Երեկ տեղի է ունեցել կուսակցության վարչության արտահերթ նիստ: Հրավիրվել են բոլոր գործընկերները: Մանրամասն քննարկում է տեղի ունեցել, և եզրակացությունները մնացել են նույնը:

Ընդհանրապես ցանկացած փաստի բերումով, եթե նույնիսկ մենք կայացնում ենք որևէ որոշում, բայց ցանկացած դեպքում, եթե ի հայտ կգա նոր հանգամանք, որևէ խոչընդոտ չկա, որ մենք այդ թեմային վերադառնանք:

Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արշալույսները խաղաղ են այնքանով, որ կուսակցությունն ապրում է իր բնականոն կյանքով: Բայց էլի եմ ասում՝ այդ խաղաղությունը երբեք ճահճային լռություն չի եղել և չի լինելու:

«Քաղաքացիական պայմանագիրը» այն քիչ կուսակցություններից է, որտեղ մշտապես կա բանավեճ, մրցակցային մթնոլորտ, և մեր խնդիրն է այդ մրցակցային մթնոլորտը պահել առողջ և քաղաքական տրամաբանության շրջանակում, ինչը և անում ենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ի պատասխան լրատվամիջոցների հարցերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից տեղեկացնում են, որ 2025 թվականի ապրիլին ՔՊ վարչությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։

You may also like...